«SOS ԹԵՂՈՒՏ» ԲՆԱՊԱՀԱՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ<br />


«SOS ԹԵՂՈՒՏ» ԲՆԱՊԱՀԱՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

  • 01-03-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բնապահպանական 26 հասարակական կազմակերպություններ միավորող «SOS Թեղուտ» կոալիցիան Թեղուտի հանքավայրի նախատեսվող շահագործման դեմ գրավոր բողոք է ներկայացրել ՀՀ նախագահին: Ինչպես մարտի 1-ի ասուլիսում նշեց «SOS Թեղուտ» կոալիցիայի անդամ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մհեր Շառոյանը, հանքավայրի շահագործմամբ է'լ ավելի մեծ վնաս կհասցվի շրջակա միջավայրին եւ տեղի բնակչության առողջությանը: Ըստ նրա, ծրագրի իրականացման դեպքում կխախտվեն մի շարք միջազգային կոնվեցիաներ, ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Մ.Շառոյանի խոսքերով, «Արմենիան քափր փրոգրամ» (ACP) ընկերության այդ ծրագրի պետական բնապահպանական փորձաքննության ընթացքում ճիշտ չեն գնահատվել պետությանը, բնակչությանն ու շրջակա միջավայրին հասցվող իրական վնասները: Ըստ նրա, ծրագրի իրականացումը հատկապես աղետալի հետեւանքներ կարող է ունենալ տեղի ջրահավաք ավազանի բնական հավասարակշռության պահպանման առումով` զրկելով տարածքի բնակավայրերը խմելու ջրից: Բացի այդ, ինչպես նշեց Թեղուտին հարակից Շնող գյուղի բնակիչ Վառշամ Ավետյանը, ոչնչացման վտանգ է սպառնում տեղի պատմամշակութային արժեքավոր մի շարք հուշարձանների: «Մենք մեղադրում ենք ուրիշներին հայկական պատմական հուշարձանները ոչնչացնելու հարցում այն դեպքում, երբ ինքներս ենք նույն կերպ վարվում»,- ասաց նա: Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանը նշեց, որ հանքավայրը շահագործելու համար կհատվեն լեռնային բարձրարժեք անտառներ, ինչի դիմաց ACP-ն տարեկան կմուծի ընդամենը 8 մլն դոլարի չափով հարկեր, իսկ ընկերության բաժնետերերը կստանան 14 մլն դոլարի եկամուտ: «28 տարվա ընթացքում ստանալով, ավելի քան 406 մլն դոլարի մաքուր շահույթ, ACP-ն այդտեղից կհեռանա` բնակչությանը թողնելով խախտված հողեր, լեռնային աղբյուրների ցամաքած ակունքներ: Իսկ այդ ամենը վերականգնելու համար կպահանջվեն մի քանի սերունդների ջանքեր»,- ասաց Ս.Հարությունյանը: Ասուլիսին մասնակցում էին նաեւ Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանը, Շնողի գյուղապետ Կորյուն Շադինյանը եւ այդ գյուղերի մի խումբ բնակիչներ: Նրանք նշեցին, որ իրենք դեմ չեն ծրագրի իրականացմանը, քանի որ տեղի բնակիչների գրեթե կեսը գործազուրկ է եւ «ընտանիքը կերակրելու ոչ մի միջոց չունի»: Իսկ էկոլոգների այն ահազանգը, թե Թեղուտը 30 տարի հետո վերածվելու է մեռյալ գոտու, նրանց այս պահին այդքան էլ չի անհանգստացնում: «Եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ Թեղուտը անմարդաբնակ կլինի»,- ասաց Թեղուտի համայնքապետը:
Նոյյան տապան  -   Հասարակություն