Հայաստանի պատմական հուշարձանների վիճակը այսօր ծայրահեղ
անմխիթար եւ մտահոգիչ է,- ահազանգում են ճարտարապետները
19-11-2009 16:42:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պատմական
հուշարձանների վիճակը այսօր ծայրահեղ անմխիթար եւ մտահոգիչ է: Նման
կարծիք հայտնեց նոյեմբերի 19-ի ասուլիսում ճարտարապետների հայկական
ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը:
Ըստ նրա, հանրապետության հուշարձանների զգալի մասը գտնվում է
վթարային վիճակում, եւ շատ մեծ է դրանք անվերադարձ կորցնելու
հավանականությունը: Ըստ Գ.Սողոմոնյանի, մի շարք վանական
համալիրներ, այդ թվում Հայոց առաքելական եկեղեցուն փոխանցված,
կարիք ունեն վերականգնողական աշխատանքների: Նրա կարծիքով, պատմական
հուշարձաններհ պահպանման համար հատկացված պետական ֆինանսավորման
անբավարար լինելը պատճառ է հանդիսացել ոչ միայն նրանց վիճակի խիստ
վատթարացմանը, այլեւ մի շարք այլ բացասական հետեւանքների:
«Հուշարձանների մեծամասնության վթարային վիճակը վկայում է այն
մասին, որ մեր ազգային մշակութային ժառանգության պահպանումը եւ
օգտագործումը չի համարվում պետական քաղաքականության առաջնահերթ
գործունեության ոլորտ: Եվ դա այն ժամանակ, երբ տուրիզմի ոլորտի
զարգացումը համարվում է առաջնային խնդիր»,- ասաց նա:
Գ.Սողոմոնյանի խոսքերով, պատահական չէ, որ զարգացած տուրիզմի
երկրները տարեկան հարյուրավոր միլիոն եվրո են տրամադրում իրենց
հուշարձանների պահպանման համար: Օրինակ, Ֆրանսիայում այդ նպատակի
համար տրամադրվում է 149 մլն եվրո, Իսպանիայում` ավելի քան 1 մլրդ
եվրո, Ադրբեջանում` 90 մլն եվրո: Մինչդեռ Հայաստանում 2009թ.-ին
այդ նպատակով տրամադրվել է ընդամենը 1 մլն եվրո: «Հուշարձանների
պահպանման համար տրամադրվող չնչին բյուջետային միջոցները ծախսվում
են անարդյունավետ ձեւով, միջոցների բաշխման անթափանց մեխանիզմով,
առանց հոշարձաններհ մոնիթորինգի եւ անհրաժեշտ հսկողության»,- ասաց
Գ.Սողոմոնյանը:
Նա նշեց նաեւ, որ հուշարձանների վերականգնման աշխատանքները
մասնագետների, շինարարների լուրջ լիցենզավորման բացակայության
պատճառով հաճախ իրականացվում են ոչ որակավորված կադրերի կողմից: