ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՇԱՏ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ<br /> ԼՐԱՑՎՈՒՄ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՇԱՏ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ
ԼՐԱՑՎՈՒՄ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

  • 16-01-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում թափուր աշխատատեղերը կամ շատ դժվարությամբ են լրացվում, կամ էլ ընդհանրապես չեն լրացվում: Այս մասին հունվարի 16-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Ըստ նրա, դրա հիմնական պատճառն այն է, որ չկան աշխատաշուկայում պահանջվող մասնագետներ` էլեկտրաեռակցողներ, գազաեռակցողներ, կռունկավարներ, փականագործներ եւ այլն: Ըստ նրա, եթե Երեւանում թափուր աշխատատեղերի մեծ մասը բանվորական մասնագիտությունների գծով են, ապա մարզերում առկա են մանկավարժների, բժիշկների թափուր տեղեր: Ս.Հարությունյանը հայտնեց նաեւ, որ 2006թ.-ի նոյեմբերից իրականացվող «Ձեռնարկատիարական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում գործակալությունը համագործակցելու է Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հիմնադրամի հետ: Այդ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկված գործազուրկներին ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար վարկեր տալ: Նշվեց նաեւ, որ «Մասնագիտական ուսուցում» ծրագրի շրջանակներում 2006թ.-ին 25 մասնագիտությունների գծով ուսուցման ծրագրերում ընդգրկվել են 1050 գործազուրկներ, որոնցից 100-ը ուսուցումն ավարտելուց հետո անմիջապես ապահովվել են աշխատանքով: 2005թ.-ին ուսուցում անցածներից 2006թ.-ի ընթացքում աշխատանքի է տեղավորվել նրանց շուրջ 70%-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն