ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ<br /> ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ ԵՆ 4,1 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br />


ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ
ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ ԵՆ 4,1 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 30-10-2006 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցներում պետպատվերի շրջանակներում մատուցվել են 1 մլրդ 799 մլն դրամի (մոտ 4,1 մլն ԱՄՆ դոլար) բուժծառայություններ, իսկ պոլիկլինիկներում` 2 մլրդ դրամի: Ինչպես հոկտեմբերի 30-ի ասուլիսում հայտնեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը, նշված ամիսների ընթացքում տեղամասային բժիշկների մոտ բնակչության այցելությունների թիվը կազմել է 435368, ինչը 2005թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 23,4%-ով ավելի է, նեղ մասնագետների մոտ գրանցվել է 548656 այց (աճը` 42%): Նույն ժամանակահատվածում 42%-ով աճել է նաեւ գործիքային հետազոտությունների թիվը: Ըստ Կ.Արեյանի, հունվար-սեպտեմբերին քաղաքապետարանի ենթակայության 4 կլինիկաներում անվճար բուժվել է 18362 հիվանդ, իսկ վճարովի բուժօգնությունից օգտվել է 7013 հիվանդ: Վիրահատական միջամտություն է ցուցաբերվել 6241 հիվանդի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 12%-ով: Կ.Արեյանը հայտնեց, որ ավելացել են նաեւ շտապօգնության ծառայության կանչերը. եթե 2005թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցվել էր 106558 կանչ, ապա այս տարվա 9 ամսում` 114 հազար: Երեւանի փոխքաղաքապետը հայտնեց, որ մայրաքաղաքի բնակիչներին առաջնահերթ բուժօգնություն են ցուցաբերում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի 35 բրիգադները: Կ.Արեյանը նշեց, որ ընկերության 35 մեքենաները բավարար չեն, որպեսզի անմիջապես արձագանքեն կանչերին, եւ ներկայումս քայլեր են ձեռնարկվում դրանց թիվն ավելացնելու ուղղությամբ: Բացի այդ, նախատեսվում է կապի նոր համակարգ ներդնել ծառայությունում:
Նոյյան տապան  -   Հասարակություն