Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ
17-01-2011 20:24:00 | Կիպրոս | Քաղաքական
ՆԻԿՈՍԻԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետական այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ:
Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են հայ-կիպրական դարավոր բարեկամությանը, պատմականորեն երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, ինչպես նաեւ պետականության կորստի դժվարին ժամանակներում մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում հայ եւ կիպրացի ժողովուրդների կյանքում եկեղեցու ունեցած դերին եւ նշանակությանը:
Ս.Սարգսյանն Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ խոսել է նաեւ կիպրահայ համայնքի մասին, որը Կիպրոսի իշխանությունների եւ նաեւ եկեղեցու շնորհիվ հաջողությամբ ինտեգրվել է այդ երկրի հասարակությանը` պահպանելով իր ազգային ինքնությունը:
Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում Ս.Սարգսյանն այցելել է նաեւ հայկական «Նարեկ» դպրոց, ծանոթացել այդ ուսումնական հաստատության պայմաններին, գործունեությանը եւ դպրոցին անհրաժեշտ գրքեր նվիրել:
Նիկոսիայում այնուհետեւ Ս.Սարգսյանն այցելել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: