Սոցհարցման համաձայն, Ադրբեջանի թշնամին Հայաստանն է, բարեկամը`
Թուրքիան
30-04-2010 20:10:00 | Ադրբեջան | Հասարակություն
ԲԱՔՈՒ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ադրբեջանցիների
կարծիքով` իրենց հանդեպ ամենաթշնամաբար տրամադրված երկիրը
Հայաստանն է, ամենամեծ բարեկամը` Թուրքիան,- այսպիսին են
գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի միջոցներով PULS
կազմակերպության` Ադրբեջանի քաղաքացիների շրջանում անցկացված
հարցման արդյունքները: Նախագծի արդյունքները ամփոփվել են
«Ադրբեջանը 2006-2010 թթ.» գրքույկում, որում տրված է տարիքային եւ
սոցիալական տարբեր խմբերում անցկացված հարցումների համեմատական
վերլուծությունը,- տեղեկացնում է «Երկիրը»: Հարցման մասնակիցներին
հնարավորություն է տրվել ինքնուրույն նշել 3-ական երկիր, որոնք
թշնամի կամ բարեկամ են Ադրբեջանին: Գերակշիռ մեծամասնությունը
բարեկամ երկիր են համարում Թուրքիան, երկրորդ տեղում Ռուսաստանն է,
երրորդ տեղում` Ադրբեջանի ՎՈՒԱՄ գործընկեր Վրաստանը: Համար մեկ
թշնամին, ըստ հարցումների, բնականաբար, Հայաստանն է: Երկրորդ
տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում` Իրանը:
Փաստորեն, եթե Թուրքիայի նկատմամբ դրական, իսկ Հայաստանի
նկատմամբ բացասական վերաբերմունքը բացարձակ բնույթ ունի,
Ռուսաստանի նկատմամբ ադրբեջանական հասարակայնության կարծիքը
փոփոխվում է, ինչը պայմանավորված է երկկողմ հարաբերություններում
կոնկրետ իրադարձություններով: