1in.am ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հանդիպումը Լեհաստանի իր գործընկեր Վիեսլավ Կուկուլայի հետ առաջին հայացքից կարող է թվալ հերթական դրվագը ռազմական դիվանագիտության օրակարգում։ Սակայն վերջին ամիսների զարգացումների շարքում այն արդեն այլ նշանակություն ունի․ Հայաստան–Լեհաստան պաշտպանական հարաբերությունները հանդիպումների փուլից աստիճանաբար անցնում են համակարգված համագործակցության։ Փետրվարին Հայաստանը և Լեհաստանը ստորագրեցին ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագիր, մայիսին պաշտպանության նախարարները քննարկեցին զինվորական կրթությունը, ռազմական բուհերի համագործակցությունն ու Վարշավայում հայկական ռազմական կցորդի գրասենյակի ստեղծումը, իսկ հիմա հարաբերությունը հասել է երկու բանակների գլխավոր շտաբների մակարդակ։
Լեհաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունն այսօր այլևս հիմնավորման կարիք չունի։ Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու տարիներ շարունակ չիրացված այդ ներուժը հենց հիմա է սկսում վերածվել իրական քաղաքական և պաշտպանական գործընկերության։ Հայաստանի և Լեհաստանի միջև երեք տասնամյակ շարունակ եղել են քաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության փորձեր։ Դեռ 2012-ին ստեղծվել էր ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, 2019-ին՝ տնտեսական համագործակցության հանձնաժողով։ Բայց հարաբերությունների ներուժը շարունակաբար ավելի մեծ էր, քան արդյունքը։ Դա 2024-ին Երևանում փաստացի արձանագրեց նաև Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ ասելով, որ իր նախագահության 9,5 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները նախկինում այս մակարդակին չէին հասել։
Հենց Դուդայի 2024 թվականի նոյեմբերյան այցից հետո է պատկերը սկսում փոխվել։ Լեհաստանի նախագահը Երևանում բացահայտ աջակցեց Հայաստանի՝ Եվրոպական միության հետ մերձեցմանը, իսկ դրանից հետո քաղաքական շփումները սկսեցին վերածվել կոնկրետ ինստիտուցիոնալ քայլերի։ Այս մերձեցումն, ըստ էության, շարունակում է ավելի քան մեկ տասնամյակ առաջ կիսատ մնացած ճանապարհը։ 2013 թվականին Լեհաստանը Հայաստանի եվրոպական ասոցացման ամենաակտիվ աջակիցներից էր։ Վարշավան Շվեդիայի հետ Արևելյան գործընկերության նախաձեռնողն էր և Հայաստանը դիտարկում էր որպես այն երկրներից մեկը, որը կարող էր խորացնել քաղաքական ու տնտեսական ինտեգրումը Եվրոպայի հետ։ Հայաստանի և ԵՄ-ի ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները 2013-ի ամռանն ավարտված էին։ Սեպտեմբերի 3-ին, սակայն, Երևանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին, և Վիլնյուսում նախատեսված նախաստորագրումը տեղի չունեցավ։
Տասներեք տարի անց Հայաստանը և Լեհաստանը հանդիպում են բոլորովին այլ Եվրոպայում և բոլորովին այլ Լեհաստանում։
1989-ին Լեհաստանը խորհրդային բլոկից դուրս եկավ մեկ շնչին ընկնող համեմատաբար համեստ եկամուտով, խորհրդային չափանիշներով կառուցված բանակով և Վարշավյան պայմանագրի ժառանգությամբ։ 1999-ին այն դարձավ ՆԱՏՕ-ի, 2004-ին՝ Եվրոպական միության անդամ։ Այսօր Լեհաստանը Եվրոպայի խոշոր տնտեսություններից է և մայրցամաքի ամենաարագ վերազինվող ռազմական ուժերից մեկը։
2026 թվականին Վարշավան պաշտպանության համար նախատեսում է ծախսել շուրջ 200 միլիարդ զլոտի՝ ՀՆԱ-ի մոտ 4.8 տոկոսը։ Սա ՆԱՏՕ-ի պահանջվող նվազագույն շեմից ավելի քան կրկնակի բարձր է։ Լեհական բանակում արդեն ավելի քան 210 հազար զինծառայող կա, իսկ պետության նպատակը 300 հազարանոց զինված ուժ ստեղծելն է։ Տարածքային պաշտպանության ուժերն արդեն անցնում են 41 հազարը։
Սակայն Լեհաստանի արժեքը Հայաստանի համար միայն բանակի մեծությունը չէ՝ Վարշավան այսօր իրականացնում է Եվրոպայի ամենամասշտաբային ռազմական արդիականացումներից մեկը։ Լեհական բանակը միաժամանակ շահագործում կամ ստանում է ամերիկյան Abrams և հարավկորեական K2 տանկեր, լեհական Krab և կորեական K9 ինքնագնաց հրետանային համակարգեր, F-35 և FA-50 մարտական ինքնաթիռներ, Apache ուղղաթիռներ։ Կառուցվում է բազմաշերտ հակաօդային և հակահրթիռային պաշտպանություն՝ Patriot/IBCS, Wisła և Narew համակարգերով, այսինքն՝ Լեհաստանը յուրահատուկ ռազմական լաբորատորիա է. այն սովորել է համատեղել տարբեր արտադրողների սպառազինությունը մեկ բանակում։
Հայաստանի համար սա չափազանց արժեքավոր փորձ է։ Հայկական բանակում այսօր արդեն կողք կողքի հայտնվում են ռուսական, հնդկական, ֆրանսիական և հայկական արտադրության համակարգեր։ Դիվերսիֆիկացիայի հաջորդ խնդիրը այլևս միայն նոր զենք գնելը չէ։ Պետք է այդ տարբեր համակարգերը դարձնել մեկ աշխատող բանակ՝ ընդհանուր կապով, կառավարմամբ, լոգիստիկայով, ուսուցմամբ, սպասարկմամբ և չափանիշներով։ Լեհաստանը հենց այդ անցումն է իրականացնում շատ ավելի մեծ մասշտաբով։
Այստեղ բացվում է համագործակցության իրական դաշտը՝ սպայական կրթությունից և զորավարժություններից մինչև կապի համակարգեր, պաշտպանական արդյունաբերություն, զինամթերք, տեխնիկական սպասարկում, անձնական հանդերձանք և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցում։ Փետրվարյան համաձայնագիրն արդեն նախատեսում է օգտագործվող սպառազինությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, գիտահետազոտական համագործակցություն և երկու երկրների պաշտպանական ընկերությունների միջև կապերի զարգացում։
Սա նշանակում է նաև շուկա։ Լեհաստանը ոչ միայն զենք գնող պետություն է, այլ արագ զարգացող պաշտպանական արդյունաբերություն ունեցող երկիր և եվրոպական վերազինման հսկայական շուկա։ ԵՄ SAFE ծրագրով միայն Լեհաստանին հասանելի է մինչև 43.7 միլիարդ եվրոյի արտոնյալ ֆինանսավորում պաշտպանական գնումների համար։ Հայաստանի համար այստեղ հարցը միայն լեհական արտադրանք գնելը չպետք է լինի՝ պետք է մտածել համատեղ արտադրության, ենթակապալառության, հայկական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման և լեհական ու եվրոպական մատակարարման շղթաներ մտնելու մասին։
Սակայն Լեհաստանի ամենակարևոր առավելությունը նույնիսկ ռազմական չէ՝ այն քաղաքական փորձն է։
Լեհաստանը նախկին սոցիալիստական ճամբարի մաս կազմող առանցքային պետություն է, որը կարողացավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին օգտագործել պետության կարողությունները բազմապատկելու համար։ Վարշավան գիտի խորհրդային համակարգը ներսից և արևմտյան համակարգը՝ սեփական վերափոխման փորձով։ Գիտի, թե ինչ է նշանակում փոխել բանակի չափանիշները՝ առանց բանակը քանդելու, բացել տնտեսությունը՝ առանց պետությունը կորցնելու և եվրոպական ինտեգրումը դարձնել արդիականացման գործիք։
Հայաստանի համար սա գուցե ավելի օգտակար փորձ է, քան արևմտաեվրոպական երկրների օրինակը։ Ֆրանսիան երբեք չի եղել Վարշավյան պայմանագրի անդամ։ Լեհաստանը եղել է։
Լեհաստանը նաև Ռուսաստանի մասին պրակտիկ պատկերացում ունի։ Նրա պատմական հիշողությունը, աշխարհագրությունը և Ուկրաինայի պատերազմը անվտանգության հարցը դարձրել են պետական քաղաքականության կենտրոն։ Հենց այդ պատճառով Վարշավան այսօր ՆԱՏՕ-ի արևելյան թևի առանցքային պետություններից է։
Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը պետք է կրկնի Լեհաստանի անցած ճանապարհը։ Հայաստանը Լեհաստան չէ․ այլ է նրա աշխարհագրությունը, այլ՝ անվտանգային միջավայրը, և ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկար այսօր չկա։ Բայց լեհական փորձից Հայաստանը կարող է վերցնել ամենակարևոր դասը՝ անվտանգությունը կառուցել ոչ թե մեկ արտաքին հենարանի անփոխարինելիության, այլ սեփական պաշտպանունակության, ամուր պետական ինստիտուտների և գործընկերությունների բազմազանության վրա։
Հենց այս համատեքստում է Ասրյան–Կուկուլա հանդիպումը ձեռք բերում իր իրական նշանակությունը։ Հայաստանին Լեհաստանը պետք չէ որպես նոր անվտանգության հովանավոր։ Այն արժեքավոր է որպես գործընկեր, որն արդեն անցել է պետական և ռազմական այնպիսի վերափոխման ճանապարհ, որի առանձին հանգրվանների առջեւ այսօր կանգնած է Հայաստանը՝ բանակի արդիականացումից և պաշտպանական արդյունաբերությունից մինչև եվրոպական չափանիշների ներդրում և քաղաքական ու տնտեսական ինտեգրում։
2013-ին Վարշավան Հայաստանի եվրոպական ճանապարհի աջակիցներից էր, բայց այդ ճանապարհը փակվեց սեպտեմբերի 3-ին։ 2026-ին նույն հարաբերությունը վերադառնում է արդեն ավելի գործնական ձևով՝ պայմանագրերով, ռազմական կրթությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ և գլխավոր շտաբների միջև կապով։
13 տարի առաջ Լեհաստանը Հայաստանին օգնում էր մոտենալ Եվրոպային։ Այսօր այն կարող է օգնել Հայաստանին սովորել՝ ինչպես ապրել, պաշտպանվել և զարգանալ եվրոպական համակարգում։