Գևորգ Պապոյանն ու Ամալ Աֆիֆին քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցությունը
15-09-2026 18:29 Հայաստան Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։
Շուկաների հասանելիության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև ներմուծման ընթացակարգերի և սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։
Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային համագործակցության հնարավորություններին և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը քննարկված ուղղություններով և ձեռնարկել գործնական քայլեր՝ Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար։