Կարգապահական տույժի է ենթարկվել 3 դատախազ

08-10-2026 17:44 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:49
Կարգապահական տույժի է ենթարկվել 3 դատախազ
Գլխավոր դատախազը «նկատողություն» և «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ։
 
«2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
 
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած նիստում 3 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:
 
Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազներից 2-ն առանց հարգելի պատճառի բացակայել են համապատասխանաբար՝ աշխատանքի վայրից և դատական նիստից, իսկ 3-րդ դատախազը, ի թիվս այլնի, մեղադրական եզրակացությամբ ստանալով քրեական վարույթի նյութերը և ուսումնասիրելով դրանք, չի արձանագրել, որ այն չի բավարարում Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջներին և հաստատել է այն: Արդյունքում, անձի նկատմամբ նշանակվել է սխալ պատժատեսակ, իսկ դատախազի կողմից չի ձեռնարկվել որևէ միջոց այդ հանգամանքի հայտնաբերման ուղղությամբ (դատական սխալը շտկելու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2026 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացվել է բացառիկ վերանայման վերաքննիչ բողոք):
 
Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումներով՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ, իսկ Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»;
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 12 անգամ
📻 Ռադիո