ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՊՈԵՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՖԻԼՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՊՐԵՄԻԵՐԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՌՈՏԵՐԴԱՄԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
12-12-2005 19:15:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմի համաշխարհային
պրեմիերան տեղի կունենա 2006 թ. հունվարի 25-ից փետրվարի 20-ը
Ռոտերդամում կայանալիք կինոփառատոնի ընթացքում: Անմիջապես դրանից
հետո կինոնկարը կներկայացվի երկու` սկանդինավյան եւ ասիական
բարձրակարգ փառատոններում: Ֆիլմի սկանդինավյան պրեմիերան կկայանա
հունվարի 27-ից փետրվարի 6-ը անցկացվելիք Գյոթերբորգի միջազգային
կինոփառատոնում, իսկ ասիականը` հունվարի 20-30-ը Թեհրանում
կայանալիք «Ֆաջըր» միջազգային կինոփառատոնում:
Հայտնելով այս մասին դեկտեմբերի 12-ի ասուլիսում, Հարություն
Խաչատրյանը նշեց, որ բացի այս երեք կինոփառատոններից, ֆիլմը
հրավերներ ունի նաեւ այլ միջազգային փառատոններից: Սակայն ամեն ինչ
չէ, որ լավ է, քանի որ չի հաջողվում կինոնկարի պատճենահանման
գործը, մինչդեռ այդ երեք կինոփառատոններն անցկացվելու են գրեթե
միաժամանակ:
Ֆիլմը պատմում է 19-20-րդ դարերի հայ մշակույթի ճանաչված
գործիչներից մեկի` պոետ եւ փիլիսոփա աշուղ Ջիվանու մասին, որի
միջոցով էլ հեղինակը կարողացել է վերհանել այսօրվա Հայաստանի
պատկերը: