Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է

13-07-2026 15:11 Քաղաքականություն
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
1in.am Հուլիսի 13-ին Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում ներկա է գտնվել «չորրորդ գլոբալ մեդիաֆորումի» բացմանը և մասնակիցների առջև հանդես եկել ընդարձակ ելույթով, որից, թերևս, կարելի է առանձնացնել նրա մի քանի «խոստովանություն»։
 
Ալիևը առաջին հերթին ընդգծել է, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները «աշխարհում երկրորդ օրինակը չունեն» և շեշտել, որ 2021թ․ «Շուշիի հռչակագրի» ստորագրումից հետո երկու երկրները «ոչ միայն եղբայրներ, այլև դաշնակիցներ» են։ Այնուհետև նա առաջին անգամ հրապարակայնացրել է, որ Ադրբեջանի «հարավային և հյուսիսային սահմաններին պատերազմ» է՝ ակնհայտորեն նկատի ունենալով ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան զինված հակամարտությունները։
 
Նա, դարձյալ առաջին անգամ, հրապարակային հայտարարել է, որ Ուկրաինան «երբեք չպետք է հաշտվի օկուպացիայի հետ» և հավաստիացրել, որ Ադրբեջանը մշտապես սատարելու է նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
 
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Ալիևը ասել է, որ Ադրբեջանը իսլամական համերաշխության կողմնակից է, բայց, ցավոք, ավելի հաճախ «ականատես է լինում անհիմն քննադատությունների»։ Իրանա-ադրբեջանական հարաբերություններում, երևում է, «ընդհանուր հայտարար չի գտնվել»։ Ալիևը փաստացի հասկացրել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հաշտության կողմնակից է, բայց պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը չի պաշտպանում և չի պաշտպանի։
 
Ըստ երևույթին, այդ «բացահայտումը» նա արել է՝ տուրք տալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Ալիևը մի քանի անգամ շեշտել է, որ, ի տարբերություն Բայդենի, Թրամփը «խաղաղության կողմնակից» է։ Այս համատեքստում նա դարձյալ խոսել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման «անարդարացիության» մասին, շեշտել, որ «հակադրբեջանական» այդ ուղղումը ընդունվել է նաև Ջո Բայդենի շնորհիվ, ով 1992թ․-ին դեմոկրատական սենատոր էր։
 
Կարելի է չկասկածել, որ Ալիևը այդ կարևորագույն խնդիրը դիտարկում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների «փաթեթում»։ Նրա տրամաբանությամբ, եթե Թուրքիան և Ադրբեջանը «ոչ միայն եղբայր, այլև դաշնակից» են, ապա Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկումը պետք է վերաբերվի նաև 907-րդ ուղղմանը։ Պետք է կարևորել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված այդ օրենքը Ադրբեջանին ճանաչում է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմող և Հայաստանը շրջափակման ենթարկող երկիր, որ չի կարող լինել Միացյալ Նահանգների դաշնակից։
 
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «համապատասխանում է միջին երկրի չափանիշներին»։ Դա, ինչ խոսք, ոչ մի առումով իրականությանը չհամապատասխանող գնահատական է, բայց բացահայտում է նրա նպատակը՝ սեղմված լինելով Իրանի և Ռուսաստանի միջև, հասնել ԱՄՆ հետ ռազմավարական դաշնակցության և երաշխավորել Ադրբեջանի երկարաժամկետ անվտանգությունը։ Ի՞նչ հակակշիռներ կամ հավասարակշռումներ ունի, կարող է ձեռք բերել Հայաստանը, առաջիկա տարիների գերխնդիրն է։ Առայժմ կարելի է փաստել, որ հուլիսի 13-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների «կարմիր գիծը հատել» է։ Ուկրաինայում Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 112 անգամ