ԱՄՆ-Իրան ռազմական գործողությունների վերսկսման մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ԱՄՆ-Իրան ռազմական գործողությունների վերսկսման մասին

12-07-2026 00:07 Լիբանան Մեկնաբանություն
ԱՄՆ-Իրան ռազմական գործողությունների վերսկսման մասին
ԱՄՆ-Իրան ռազմական գործողությունների վերսկսման մասին «Նոյյան Տապան»էը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
 
– ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը չեղարկվել է, արդյո՞ք նշանակում է, որ կողմերը վերադառնում են լայնածավալ պատերազմի։
 
– Ոչ պարտադիր։ Թեև Դոնալդ Թրամփը հայտարարել է  Իրանի դեմ նոր հզոր հարվածների մասին, դա դեռ չի նշանակում, որ պատերազմը վերադառնում է իր նախկին լայնածավալ փուլին։ Նախկինում ևս տեսել ենք, որ նրա հայտարարություններն ու հետագա որոշումները միշտ չէ, որ համընկել են։ Հետևաբար, ավելի հավանական է, որ շարունակվեն փոխադարձ հարվածներն ու սահմանափակ ռազմական գործողությունները՝ առանց ամբողջական պատերազմի վերսկսման։
 
– ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովի հռչակագրում ի՞նչ կարևոր ազդակներ տեսաք։
 
– Հռչակագիրը միաժամանակ անդրադառնում է թե՛ դաշինքի ներսում պատասխանատվության բաշխմանը, թե՛ Մերձավոր Արևելքի զարգացումներին։ Ակնհայտ է նաև ԱՄՆ դժգոհությունը ՆԱՏՕ-ի որոշ անդամների պահվածքից, որոնք Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում չմիացան Վաշինգտոնի նախաձեռնություններին և չտրամադրեցին իրենց տարածքները։ Սակայն ԱՄՆ-ի հիմնական նպատակը շարունակում է մնալ նաև ՆԱՏՕ-ի ֆինանսական բեռը եվրոպացի դաշնակիցների հետ ավելի մեծ չափով կիսելը։
 
– Հռչակագրում նշվում է, որ «մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա»։ Ի՞նչ ենթատեքստ ունի այս ձևակերպումը։
 
– Կարծում եմ՝ դա անուղղակի ակնարկ է Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների դեմ իրականացված հարվածներին։ Թեև ՆԱՏՕ-ն որպես դաշինք չներգրավվեց պատերազմում, այդ ձևակերպմամբ փորձ է արվում վերահաստատել դաշինքի հավաքական անվտանգության սկզբունքը և քաղաքական համերաշխությունը։
 
– Հռչակագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև Հորմուզի նեղուցին։ Ինչո՞ւ։
 
– Որովհետև իրական հակասությունների առանցքը հենց Հորմուզն է։ Միջուկային ծրագրի թեման շարունակում է մնալ օրակարգում, սակայն Թեհրանը հետևողականորեն հայտարարում է, որ իր ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։ Մինչդեռ Հորմուզի շուրջ դեռևս բաց են բազմաթիվ հարցեր՝ նավարկության ազատությունը, մաքսատուրքերը, Իրանի տարածքային ջրերի իրավական կարգավիճակը, Օմանի մասնակցությունը, միջազգային իրավունքի կիրառումը։ Իրականում այստեղ խոսքը համաշխարհային էներգետիկ երթուղիների և դրանցից ստացվող եկամուտների վերահսկողության մասին է։
 
– Այսինքն՝ խնդիրը միայն անվտանգությա՞ն մասին չէ։
 
– Իհարկե ոչ։ Խնդիրը նաև տնտեսական և աշխարհաքաղաքական է։ Հատկապես կարևոր է, թե ով և ինչ պայմաններով է վերահսկելու Չինաստան ուղղվող իրանական էներգակիրների հոսքը։ Հենց այստեղ են բախվում տարբեր ուժային կենտրոնների շահերը։
 
– Կարելի՞ է ասել, որ մինչև այդ հարցի լուծումը լարվածությունը կպահպանվի։
 
– Այո։ Քանի դեռ Հորմուզի շուրջ համապարփակ պայմանավորվածություն չկա, դժվար է ակնկալել կայուն խաղաղություն։ Շարունակվելու են կոշտ հայտարարությունները, փոխադարձ սպառնալիքները, սահմանափակ ռազմական գործողություններն ու հակագործողությունները։ Միայն Հորմուզի շուրջ գործարքի կայացումից հետո հնարավոր կլինի խոսել միջուկային խնդրի, պատժամիջոցների վերանայման, վերականգնման ծրագրերի և խոշոր տնտեսական նախագծերի իրական մեկնարկի մասին։
 
 
 
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

 

 

Կարդացել են 71 անգամ