ՎՏՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ»-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ<br /> 30 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ<br />


ՎՏՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ»-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ
30 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

  • 18-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի եւ ՎՏԲ-Հայաստան բանկի միջեւ ընկերության ներդրումային ծրագրի ֆինանսավորման նպատակով ստորագրվել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին պայմանագիր: Վարկը տրամադրվում է 3 տարի մարման ժամկետով` տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով: Գումարը հիմնականում ուղղվելու է Երեւանում բաշխիչ ցանցերի վերակառուցմանն ու արդիականացմանը, 35 կՎ (կիլովոլտ) եւ 110 կՎ, համապատասխանաբար, 2 եւ 1 ենթակայանների կառուցմանը: Արդիականացման գործընթացը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2 տարում: Այս մասին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի հետ սեպտեմբերի 18-ի համատեղ ասուլիսում հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը: Նա նշեց նաեւ, որ միջազգային շուկայում ստեղծված ներկայիս իրավիճակում բանկի կողմից նման պայմաններով վարկի տրամադրումը գրեթե հավասարազոր է սխրանքի: Ի պատասխան Վ.Օվսյաննիկովը նկատեց, որ միջազգային ֆինանսական շուկայում լիկվիդայնության հետ կապված բավականին լարված ընդհանուր իրավիճակը, բնականաբար, անդրադառնում է նաեւ Հայաստանի վրա, եւ ակնհայտ է, որ հետագայում վարկավորման տոկոսադրույքները կաճեն: Միեւնույն ժամանակ նա վստահեցրեց, որ բանկը հետագայում եւս պատրաստակամ է ֆինանսավորել նման ծրագրեր: Ըստ Վ.Օվսյաննիկովի, ներկայումս բանկը միաժամանակ շարունակում է իրականացնել նաեւ Թեղուտի լեռնապղնձային կոմբինատի կառուցմանն ուղղված 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիրը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն