ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «HPCC» ՉԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «HPCC» ՉԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 01-08-2008 16:42:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 110 կՎ ենթակայանների վերականգնման միջազգային մրցույթում, որին մասնակցել են 6 կազմակերպություններ, հաղթող է ճանաչվել «HPCC» չինական ընկերությունը: Օգոստոսի 1-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում «HPCC»-ի եւ «Էներգաինվեստ ԾԻԳ» ՊՀ-ի միջեւ ստորագրվեց գլխավոր կապալի պայմանագիրը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության եւ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջեւ կնքված «Էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգեր» վարկային համաձայնագրի շրջանակներում: Ըստ համաձայնագրի, ՀՀ կառավարությանը տրամադրվել է 5 մլրդ 399 մլն ճապոնական իեն` SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման եւ 110 կՎ ենթակայանների վերականգնման նպատակով: Չինական ընկերության հետ կնքված պայմանագրի գումարը կազմում է 3,56 մլրդ ճապոնական իեն: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ.-ի սեպտեմբերին: Մրցույթով նախատեսվում է վերականգնել 110 կՎ 13 ենթակայան: Սակայն, հաշվի առնելով ենթակայանների վերականգնման համար ծրագրի բյուջեով նախատեսված գումարի եւ ամենացածր գնահատված «HPCC» ընկերության առաջարկի գնի տարբերությունը, նպատակահարմար է համարվել մրցույթի արդյունքում խնայված միջոցներով վերականգնել առավել խնդրահարույց եւս 4 ենթակայաններ` անփոփոխ թողնելով պայմանագրի իրականացման ժամկետը եւ մրցութային առաջարկի միավոր գները: Այսպիսով, տվյալ վարկային ծրագրի շրջանակներում կվերականգնվեն 17 ենթակայաններ, այդ թվում 12-ը` Եւեանում: Նշված ենթակայաններում նախատեսվում է փոխարինել 110 կՎ եւ 35 կՎ բաց բաշխիչ կայանքների բոլոր անջատիչները, բաժանիչները, հոսանքի եւ լարման տրանսֆորմատները, գերլարման սահմանափակիչները եւ 10(6) կՎ բջիջները: Փոխարինվելու են նաեւ 110, 35 կՎ միացությունների եւ 10(6) կՎ բջիջների ռելեական պաշտպանության սարքավորումները: Յուրաքանչյուր ենթակայանում տեղադրվելու է համակարգիչ, որի միջոցով իրականացվելու է 10(6) կՎ բջիջների վերահսկումը եւ ղեկավարումը: Ծրագրի իրականացման արդյունքում կկրճատվեն նշված ենթակայաններում տեխնիկական կորուստները, կնվազեն շահագործման ծախսերը, կբարձրանա կառավարելիության մակարդակը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն