ՀՀ ԿԲ-Ն ԿԹՈՂԱՐԿԻ «ՊԵԼԵ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ<br />


ՀՀ ԿԲ-Ն ԿԹՈՂԱՐԿԻ «ՊԵԼԵ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

  • 29-07-2008 20:42:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 29-ի նիստում հաստատել է «Կարգավորվող շուկայի մասնակիցների եւ հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը» կանոնակարգ 5/05-ը, 2008-2009թթ.-ին հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքի «Պելե» հուշադրամի դիմերեսի եւ դարձերեսի ուրվագծերը, «Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակ», «Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» 825-ամյակ», «Գլաձորի համալսարանի 725-ամյակ» եւ «Սուրբ Սարգիս Զորավար» հուշադրամների ուրվագծերը ու տեխնիկական չափանիշները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Խորհրդի որոշմամբ լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել «ՀՀ տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձեւավորման եւ օգտագործման» կարգում, փոփոխություն է կատարվել «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման եւ օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ում: Խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Նորաձեւություն Ա եւ Ս հանրախանութ» (լիցենզիա` թիվ 747) արտարժույթի փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առքուվաճառքի գործունեության լիցենզիան: Գործունեության վայրի փոփոխության հետ կապված վերաձեւակերպվել է «ՄԱԼԵՆ» ՍՊԸ գրավատան թիվ ԳԳ-Ե 042 լիցենզիան: Գրավատունը գործելու է ք. Երեւան, Արաբկիր համայնք, Կասյան փողոց 8, թիվ 36 արվեստանոց հասցեում: ԿԲ խորհուրդը «Գլոբփեյմենթս» ՍՊԸ-ին «Money Gram» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել, իսկ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրվել է «VISA» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը որոշել է նաեւ «Արեւելա-Հայկական բանկ» առեւտրային բաժնետիրական բանկը լուծարված եւ գործունեությունը դադարած համարել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն