Ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում. Աբովյանը՝ Ծառուկյանի գործի մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում. Աբովյանը՝ Ծառուկյանի գործի մասին

07-07-2026 10:30 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
Ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում. Աբովյանը՝ Ծառուկյանի գործի մասին
 
Sputnik. Ըստ Արման Աբովյանի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավական դաշտում տեղի ունեցող իրադարձություններն իջեցվել են շատ ցածր մակարդակի:
 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողն ու նրա ձերբակալությունն աննորմալություն է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը, այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:
 
Ինչպես հայտնի է, հուլիսի 6–ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ի` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
 
Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
 
«Ամեն ինչ լավ է լինելու: Չեմ կասկածում, որ ադրբեջանամետ, թրքահաճո, հակահայկական այս մղձավանջը կավարտվի: Հուսամ, որ դատարանը կպաշտպանի օրենքի գերակայությունը»,- նշեց Աբովյանը:
 
Անդրադառնալով ՔԿ-ում «Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու» դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին, որի հիման վրա Ծառուկյանի տնից կենդանիներին քնեցված վիճակում տարել են Երևանի կենդանաբանական այգի, ԲՀԿ-ականը դա որակեց ապուշություն և ընդգծեց՝ իբր իրավական դաշտում գտնվող ամբողջ գործընթացն իջեցվել է շատ ցածր մակարդակի:
 
Աբովյանը շեշտեց՝ ըստ էության`ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում:
 
 
Նոյյան տապան   |   Իրավունք, օրենք, հասարակություն

 

 

Կարդացել են 100 անգամ