«Երաշխավորի միջնորդությունը» Հայաստանի դիրքերը թուլացնում է
03-08-2026 19:30 Քաղաքականություն
1in.am Խաղաղությունը՝ խաղաղություն, բայց ոչ մի հայ սկզբունքորեն չպիտի այցելի Ադրբեջան, քանի դեռ այնտեղ կա բանտարկված գեթ մեկ հայ Ղարաբաղյան դեպքերի հետ կապված։ Ու ամեն անգամ այդ չայցելությունը պիտի հստակ պատճառաբանվի Ադրբեջանում բանտարկված հայերի առկայությամբ,- ֆեյսբուքում գրել է, ինչպես անձնական էջից է պարզվում, երևանաբնակ հայ օգտատերը։ Օրեր առաջ պատանի հայ ըմբշամարտիկը Բաքվում բոլոր մրցակիցներին հաղթել է, Ադրբեջանի մայրաքաղաքում նրա պատվին բարձրացվել է Հայաստանի դրոշը, հնչել մեր օրհներգը։
Այդ առթիվ բուռն քննարկում են ծավալվել նաև Ադրբեջանում։ Սոցիալական ցանցի մի ադրբեջանցի օգտատեր, հակադարձելով Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին վիրավորանքներին, գրել է, որ Բաքվում հայ ըմբշամարտիկի հաղթանակը «որքանով Հայաստանինը, այնքան էլ, գուցե՝ ավելի, Ադրբեջանինն» է։ Եվ հիմնավորել, որ երբ Հայաստանում «մարզական միջոցառման բացմանը կազմակերպիչներից մեկը վառել է Ադրբեջանի դրոշը» և ադրբեջանական թիմը «մասնակցությունը ընդհատել, վերադարձել է, աշխարհը ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանին է քննադատել կատարվածի և անհանդուրժողականության համար»։
Բաքվում հայ ըմբշամարտիկի հաղթանակը «մոտեցնո՞ւմ է հայ պատանդների հայրենադարձությունը»։ Եթե գնահատենք առարկայորեն, հարցի պատասխանը «ոչ» է։ Բայց դրանից չի հետևում, թե Բաքվում մարզական, մշակութային կամ քաղաքական բնույթի միջոցառումներին Հայաստանի չմասնակցությունը «գերիների ազատ արձակումը մոտեցնում» է։ Պետք է հիշել, որ ռազմագերիների մի մասը Բաքվից հայրենիք է վերդարձել հայ-ադրբեջանական պայմանավորվածության շրջանակներում, իսկ դա տևական աշխատանքի արդյունք է։
Բաքվում ապօրինաբար պահվող անձանց խնդիրը հասկանալի պատճառներով ունի ընդգծված թե ներքաղաքական, թե հանրային զգացմունքայնության ենթատեքստ։ Այդուհանդերձ, նրանց հետագա ճակատագրի համար առաջին պատասխանատուն Հայաստանի պետությունն է, իշխանությունը, որի այդ ուղղությամբ ձեռնարկած, ձեռնարկվող և ձեռնարկելիք քայլերը հրապարակային չեն, հրապարակայնացման ենթակա չեն։
․․Նորընտիր Ազգային ժողովը մտել է լիազորությունների մեջ։ Եվ, ինչպես առաջին նիստերն են հուշում, ընդդիմությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակնառու ներկայացուցիչներին մեղադրում են նախկինում «թուրքերի հետ շփումներ ունեցած լինելու» մեջ։ Կարելի է վստահաբար ասել, որ թեման ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի ընտրությամբ չի փակվելու, կապված իրավիճակի հետ՝ ամեն անգամ «թարմացվելու» է։
Ի՞նչ կոնկրետ նպատակ է դա հետապնդում, պարզ է։ Բայց դա «ածանյալ» է, գործնականում խնդիրը հանգում է նրան, թե պիտի լինի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկկո՞ղմ, թե՞ «երաշխավորի միջնորդությամբ» կարգավորում։ «Գերիների վերադարձի» թեման միայն այդ հարցի մասնակի դրսեւորում է։ «Երաշխավորի միջնորդությունը» Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի դիրքերը փաստացի թուլացնում է։ Այդ թվում և՝ Բաքվում ապօրինաբար պահվող անձանց հայրենադարձության հարցում։