Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին. Արա Զոհրաբյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին. Արա Զոհրաբյան

06-08-2026 10:27 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին. Արա Զոհրաբյան
 
Sputnik. Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։
 
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան։
 
Նշենք, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
 
«Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն»,–գրել է Զոհրաբյանը։
 
Հիշեցրել է, որ հայոց հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։
«Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,–տեղեկացրել է պաշտպանը։
 
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 49 անգամ